
Զբոսաշրջություն
10 ֏
1
Նկարագրություն
Ջերմուկը Հայաստանի պատմական Սյունիք գավառի հատվածն է: Քաղաքում և մերձակայքում սփռված են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ ու տեսարժան վայրեր, իսկ խորը ձորերը, բարձր ժայռերն ու քարանձավները հրապուրիչ են արկածային տուրիզմի սիրահարների համար:
Ջերմուկը գրավիչ է հատկապես իր բնական տեսարժան վայրերով: Քաղաքի միջով հոսում է Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը՝ Արփան, որի խոր կիրճը երկու մասի է բաժանում ոչ միայն քաղաքը, այլ նաև` Վայոց Ձորի լեռնաշղթան: Գեղատեսիլ այս կիրճում է գտնվում Ջերմուկի ջրվեժը՝ «Ջրահարսի վարսեր», որն ունի 70մ բարձրություն: Այստեղ են գտնվում նաև քարե այլ կոթողներ՝ «Երազանքի կամարն» ու «Աննման սիրտը»: Ջերմուկյան այցի ժամանակ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանին խնդրել են մեկ բառով բնորոշել Ջերմուկը և նա ասել է «արև» ու գրել այն լատինատառով Ջերմուկի կիրճում։
Ջերմուկի այցեքարտը հանքային ջրի ըմպելասրահն է, որը գտնվում է առողջարանային քաղաքի կենտրոնում: «Արարատ» առողջարանից մինչև ըմպելասրահ ոտքով 5 րոպեի ճանապարհ է, որն անցնում է քաղաքային այգու միջով: Յուրահատուկ ճարտարապետական լուծումներով սյունազարդ այս կառույցը դարձել է Ջերմուկ քաղաքի խորհրդանիշերից մեկը: Ըմպելասրահում 5 տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր են հոսում՝ 30°C-ից մինչև 53°C: Ըմպելասրահը քաղաքի լճակի հարևանությամբ է, որտեղ լողացող լաստի վրա կարելի է սրճել ու վայելել անմոռանալի հանգիստ: Այստեղից սկիզբ է առնում մի գեղեցիկ ճեմուղի, որի երկայնքով ձգվող ժայռաբեկորների վրա քանդակված են հայ քաջարի ֆիդայիների կիսանդրիները:
Բնությունը Ջերմուկում ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ: Դրանցից են բնական հանքային ջրի աղբյուրները (գեյզերներ), որոնց բուժիչ հատկությունները հիշատակվել են դարեր առաջ: «Արարատ» առողջարանից ամենագնաց մեքենաներով ընդամենը 15-20 րոպեում կարելի է հասնել ներկայումս գործող և հայտնի «Սայաթ Նովա» գեյզերը, ուր այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և կուսական բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով։
Ջերմուկը, որպես բնակավայր, ճիշտ է, հիշատակվում է միայն 13-րդ դարում պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից («Պատմություն Նահանգին Սիսական» աշխատություն), սակայն այստեղ մինչ օրս մնացած քարե ավերակները, կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու մնացորդները վկայում են ավելի վաղ ժամանակներում բնակեցման մասին: Ավելին, միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները վկայում են, որ Ջերմուկի հանքային ջուրը, որպես բուժիչ միջոց, օգտագործվել է դեռ դարեր առաջ: Լողավազանը վերակառուցվել է 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, այդ պատճառով էլ ժողովրդի մեջ տարածվել է «Պրիստավի գյոլ» անվանումը: 1967 թվականին Ջերմուկը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։
Ջերմուկի ու նրա շրջակա տարածքի ողջ գեղեցկությունը տեսանելի է քաղաքի ճոպանուղուց, որն ունի 1կմ երկարություն, իսկ ամենաբարձր կետը գտնվում է 2480մ-ի վրա: Այստեղից կարելի է զմայլվել ջերմուկյան գեղեցիկ համայնապատկերով: Ճոպանուղին ունի 2 դահուկուղի, որոնք համարվում են կիսապրոֆեսիոնալ, ինչը թույլ է տալիս նաև միջազգային մրցարշավեր կազմակերպել:
Քաղաքի մյուս տեսարժան վայրերից անհնար է չհիշատակել Արփա-Սևան թունելը, Կեչուտի ջրամբարը և «Մարգարտածաղիկ»-ը: Քաղաքը հարուստ է նաև հուշարձաններով: Ջերմուկը արվեստագետների համար միշտ էլ եղել է ներշնչանքի աղբյուր. այստեղ գալիս են նաև ստեղծագործելու համար: Քաղաքում կա պատկերասրահ՝ հարուստ ցուցանմուշներով, որտեղ պարբերաբար իրականցվում են նաև հայտնի գործիչների ցուցահանդեսներ: Քաղաքի կենտրոնում գործում է ժողովրդական վարպետների վերնիսաժ՝ նկարների ամենօրյա ցուցադրությամբ:
